Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում)։
ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Արամ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է հինգից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Արամ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Սույն գործով կա եւս 8 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Նրանց եւս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։
Բոլոր 8 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը: Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
2019 թվականի փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել էր, իսկ փետրվարի 28-ին ընդունել իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:
Նախաքննությունը շարունակվում է:


























