Շենք կառուցելու համար Հայաստանի քաղաքացին կամ իրավաբանական անձը թույլտվություն ստանալու համար ծախսում է 137 օր եւ կատարում 20 քայլանոց գործողություն։ Այս մտահոգիչ իրավիճակն այսօր՝ մարտի 3-ին կայացած կառավարության նիստում հրապարակայնացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նաեւ հավելեց, որ շինարարական թույլտվությունների գործընթացն էական նշանակություն ունի գործարար միջավայրի համար, ուտի հարկավոր է դրանք պարզեցնել։

Նշենք, որ Համաշխարհային բանկի doing business վարկանիշում Հայաստանը կառուցապատմանն առնչվող թույլտվությունների մասով 183 երկրների թվում զբաղեցնում է 78-րդ տեղը։

Գործող օրենսդրությամբ՝ քաղաքաշինության բնագավառում կառուցապատման թույլտվությունների տրամադրումը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն կարգը սահմանում է կառավարությունը:

 Այսօր ընդունած որոծմամբ՝ կառավարությունը փոխեց քաղաքաշինական թույլտվությունների ընթացակարգերը։ Այն թույլ կտա թույլտվությունները ստանալ 27 օրում, եւ 7 քայլից ավելի գործողություն չիրականացնել։

Համեմատության համար նշենք, որ եթե նախկինում 22 օր էր պահանջվում Երեւանի քաղաքապետարից շինարարության թույլտվություն ստանալու համար, ապա այսուհետ՝ 10 օր:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նաեւ, որ ակնկալում է վճարների կրճատում։ Սակայն հավելեց, որ վճարների չափերը սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները։