ԱԺ տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որն ընդգրկված է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Հարցը ներկայացրեց Տրանպորտի կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: նա տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն դրական եզրակացություն է տվել նախագծին: Նախարարի խոսքով, այս նախագիծը պայմանավորված է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված եւ ՀՀ մաքսային տարածքներում գտնվող բազմաթիվ աջ ղեկով մեքենաների ապագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ:

Օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ մայիսի 1-ը:

Օրենքն ընդունելուց հետո կառավարությունը փոփոխություններ կկատարի իր 2 որոշումներում, որը թույլ կտա, որ այդ մեքենաները շահագործվեն առանց ղեկի տեղափոխման:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ այս նախագծի ընդունումից հետո նորից մարդիկ աջ ղեկով մեքենաներ կգնեն կհասցնեն սահման ու կառավարությունը նորից կկանգնի փաստի առջեւ, Արշակյանը պատասխանեց, որ ներկրողների հետ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այլեւս նոր մեքենաներ չեն բերվելու, իսկ երաշխիքը ընդունված օրենքն է. «Հիմա այնպիսի աղմուկ է բարձրացել, որ այլեւս չեն կարող ասել, թե օրենքից տեղյակ չեն եղել եւ աջ ղեկով մեքենաներ են բերել»:

Նախարարը նշեց, որ այս դեպքում խոսքը շուրջ 850 ավտոմեքենաների մասին է, որոնց կեսին ավելին կուտակված են մաքսային տարածքում, մի մասն էլ գտնվում է կամ ճանապարհին կամ Վրաստանի տարածքում. «Կարող են լինել մարդիկ, որոնք իրենց գնած մեքենանենրի վին կոդերը չեն տվել եւ այս թվի մեջ ներառված չեն: Մենք օգտագործելու ենք մեկ այլ մեխանիզմ, որ մեքենան գնված է մինչեւ դեկտեմբերի 31-ը»,-ասաց նա: