Այն, որ Հայաստան ներկրվող աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաները կմնան Հայաստանում, թե չեն մնա, չափելի չէ: Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց Տրանպորտի կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

Հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի մինչեւ տարեվերջ չսահմանափակել աջ ղեկով մեքենաների ներմուծումը՝ հաշվի առնելով, որ այդ մեքենաներից շատերը Հայաստանից ուղարկվում են ԵՏՄ այլ երկրներ եւ դրանով ՀՀ բյուջեն լրացուցիչ մուտքեր կարող է ունենալ, Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Դա ազնիվ աշխատանքային մոտեցում չէ ԵՏՄ մեր մյուս գործընկերների նկատմամբ: Մենք չէինք ուզենա, որ նման ռիսկային որոշման գնայինք:

Քաղաքական տեսանկյունից, ճանապարհային ոլորտը կարգավորելու տեսանկյունից աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների մուտքը այս պահին նպատակահարմար է պահել արգելված»:

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հնարավորություն կտա մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը գնված աջ ղեկով մեքենաները  ներմուծել Հայաստան, ինչը պետք է տեղի ունենա մինչեւ մայիսի 1-ը:

Հայտնի է, որ Հայաստանում դեռեւս չեն գործում ԵՏՄ այն կարգավորումները, որոնք ենթադրում են բարձր մաքսատուրքեր երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելիս: Դա է պատճառը, որ ԵՏՄ այլ երկրներից գալիս են եւ Հայաստանից մեքենա են տանում իրենց երկրներ: