Հայաստանը մեծապես գյուղատնտեսական երկիր է եւ հասկանալի չէ, թե ինչու պետք է գյուղատնտեսության նախարարությունը միավորվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

«Միավորման համար հիմք պետք է ծառայեր գործառույթների նմանությունը, ինչո՞ւ են միավորվում Գյուղատնտեսության եւ Էկոնոմիկայի նախարարությունները եւ ոչ   Էկոնոմիկան եւ Ֆինանսների նախարարությունները, ինչո՞ւ չեն միավորվում ԱԻՆ–ն ու ոստիկանությունը՝ դառնալով Ներքին գործերի նախարարություն»,–զարմացավ նա։

Գյուղատնտեսության նախկին նախարարը շեշտում է՝ մեր երկրի ՀՆԱ-ի մեջ մեծ է գյուղատնտեսության տեսակարար կշիռը.  «Ես որեւէ տեղ չեմ տեսել որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է գյուղատնտեսության նախարարությունը միավորվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն հետ։ Մեր երկիրը էապես գյուղատնտեսական երկիր է, ՀՆԱ–ի շուրջ 15 տոկոսից ավելին բաժին է հասնում գյուղատնտեսությանը, եթե դրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, ՀՆԱ–ի մոտ 25 տոկոսն է ստացվում»,–նշեց նա։

Արթուր Խաչատրյանը նկատում է՝ պետք է ոչ թե գյուղատնտեսությունը սպանեք, այլ տնտեսության մյուս ճյուղերը զարգացրեք. «Ուզում ենք մենք թե չենք ուզում Հայաստանը մի որոշ ժամանակ ագրարային է լինելու։ Եթե չեք ուզում, որ Հայաստանը կոչվի ագրարային, ոչ թե գյուղատնտեսությունը սպանեք, այլ տնտեսության մյուս ճյուղերը զարգացրեք»։

Նա ընդգծեց նաեւ՝ նախ պետք է հասկանալ, թե ինչու «այս կամ այն գերատեսչությունը արդյունավետ չէ, հետո արդյունավետությունը բարձրացնել, նոր մտածել միավորել թե չէ»։