Եթե ԵՏՄ շրջանակում վերջին տարիներին քննարկված հարցերը դիտարկենք շարքային քաղաքացիների աչքերով, ապա կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանն այդ շուկայում իրեն երաշխավորել է որպես երկիր, որն ընդունակ է առաջարկել միայն գյուղատնտեսական արտադրանք, տաքսու վարորդների եւ ցածր որակավորմամբ տարբեր կարգի մասնագետների: Այս մասին մարտի 12-ին Ազգային ժողովում աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ ասաց խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Պատգամավորի խոսքով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բոլորը սկսել են մոռանալ, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ի յուրատեսակ սիլիկոնային հովիտը: «Ինձ թվում է, որ մենք մեր բրենդի հետ կապված խնդիր ունենք: Մենք ռեբրենդինգի կարիք ունենք, եւ անձամբ ես դրան մեծ ուշադրություն եմ դարձնում»,- շեշտեց Սանդիկովը:
Ընդ որում՝ նա նշեց, որ մեծ թվով արեւմտյան մասնավոր կազմակերպություններում հայ մասնագետները, հատկապես տեխնիկական կրթությամբ, շատ բարձր են գնահատվում, եւ սա հանգեցնում է երկրից կադրերի արտահոսքին:
Պատգամավորը նաեւ առաջարկեց Ռուսաստանի եւ ԵՏՄ մյուս երկրների հետ ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ստորագրված «Միութենական պետության տեխնոլոգիաների մշակման եւ ինովացիոն արտադրանքի ստեղծման ծրագրեր»-ի նման համաձայնագիր:



























