Գրավատների եւ փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում այդ մարդկանց համար: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ դա տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծելու:
Նրա խոսքով, այդ գումարը 20 տարի փոփոխության չի ենթարկվել, եւ ժամանակն էր, որ վերանայվեր, բայց մյուս կողմից էլ Հայաստանում գործ ունենք մի քանի հարյուր տնտեսվարող սուբյեկտների հետ:
«ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ եւ 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի: Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ եւ իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»,- նշեց Թունյանը:
Դիտարկմանը, թե որքանո՞վ է տեղին միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ կքննարկեն, երկու կողմերին էլ կլսեն, եը ըստ դրա՝ որոշում կկայացնեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է 60 անգամ ավելացնել գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքը: Մասնավորապես, գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք:



























