Մենք կենդանապաշտպանների հետ անցկացրել ենք հանդիպում, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երեւանի ավագանու անդամներ եւ շարքային քաղաքացիներ։ Այս մասին հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը։  

Նրա խոսքերով, քննարկվել են հարցեր, որոնք քննարկման եւ ուսումնասիրման կարիք ունեն ինչպես օրենսդրական մակարդակով, այնպես էլ բնակչության տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաեւ՝ ինստիտուցիոնալ առումով։ «Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում մտահոգ էին տնային կենդանիների իրավունքների պաշտպանության հարցերով եւ այս ոլորտում խնդիրների քննարկմամբ, սակայն, այնուամենայնիվ, կենդանիների պաշտպանությունը չի սահմանափակվում միայն տնային կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։ Մենք ունենք այնպիսի խնդիրներ, ինչպիսին որսագողությունն է, «Կարմիր գրքում» ընդգրկված կենդանիների ոչնչացումը»,- պարզաբանել է Գալստյանը։

Պատգամավորը հայտնել է, որ ծրագրում է ներկայացնել օրենսդրական երկու նախագիծ, որոնք էապես կմեծացնեն որսագողության եւ անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների ոչնչացման համար տուգանքները։ Նա նաեւ նշել է, որ խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի բոլոր այս հարցերով եւ հետագա աշխատանքների պլան մշակի։ Հարկ է նշել, որ նիստի ընթացքում կենդանապաշտպանները տարակուսանք են հայտնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հարցով՝ պահանջելով մշակել օրենքի համապատասխան նախագիծ, որը քրեական հետապնդում կնախատեսի հանցագործների հանդեպ։ Լրագրողների այն հարցին, թե որքանով է այդ մոտեցումն արդարացված, եւ «չեն չափազանցնում արդյոք կենդանապաշտպանները», Գալստյանը պատասխանել է, որ այդ հարցին լիարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ կլինի աշխատանքային խմբում ներկայացված փորձագետների, իրավաբանների եւ իրենց՝ կենդանապաշտպանների խորհրդատվությունը։

Միաժամանակ, պատգամավորը վստահ է, որ կենդանիներին, մասնավորապես՝ շներին, առանց դնչկալների եւ վզկապների զբոսանքի հանելը լուրջ խնդիր է, եւ այդ հարցը կարգավորման կարիք ունի։