Գերմանիայում զինծառայողների իրավունքները պաշտպանվում են օմբուդսմենի հատուկ ինստիտուտի կողմից: Այս մասին մարտի 13-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խորհրդարանական հսկողություն» թեմայով սիմինարի ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ հանդես գալով ողջույնի խոսքով:
Նրա խոսքով՝ բոլոր կառույցները, որոնք աշխատում են Զինված ուժերում իրավիճակի վերահսկողության եւ մոնիթորինգի ոլորտում, պետք է միասնական գործեն՝ լինի դա քաղաքացիական հասարակությունը, խորհրդարանը թե օմբուդսմենի գրասենյակը: «Հասկանում եմ, որ ասվածը, հնարավոր է, բոլորին դուր չգա, սակայն մեր գերմանական փորձը ցույց է տալիս, որ դա շատ օգտակար գործիք է եւ թույլ է տալիս բարձրացնել Զինված ուժերի արդյունավետության մակարդակը»,- նշեց դեսպանը:
Քիսլերը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի ղեկավարությանը սեմինարի անցկացման համար, շնորհակալություն հայտնեց նաեւ երկրի պաշտպանության եւ ԱԳ նախարարություններին:
Հիշեցնենք, որ Հայաստանում ընթանում է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը:




























