ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլեւին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Ալեքսանր Մանոլեւին ներկայացուցչական պաշտոնական եւ գործարար պատվիրակությամբ Հայաստան ժամանելու համար։

Կողմերն ընդգծել են, որ թե՛ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ թե՛ դրա շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի վրա։

Ալեքսանր Մանոլեւի խոսքով՝ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել գործարար համաժողովի արդյունքները՝ հետամուտ լինելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

 ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը նշել է, որ կան տնտեսության մի շարք հեռանկարային ոլորտներ, որոնց ուղղությամբ երկու երկրները կարող են զարգացնել համագործակցությունը՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելով։

Պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխգործակցություն հաստատել Հայաստանի եւ Բուլղարիայի փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման գործակալությունների միջեւ՝ փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Տիգրան Խաչատրյանը եւ Ալեքսանր Մանոլեւը, որպես համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտ, առանձնացրել են նաեւ զբոսաշրջության ոլորտը։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այն բոլոր գաղափարներին եւ ապա բիզնես ծրագրերին, որոնք կնախաձեռնի երկու երկների մասնավոր հատվածը։