Մենք կրճատումներին դեմ ենք, եթե մարդուն կրճատում ես, պետք է ապահովես աշխատանքով: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Եթե մարդը ճիշտ մասնագետ չի, մարդուն կարելի է գործից հանել, բայց եթե մարդը նորմալ մասնագետ է, 20 տարի աշխատել է, դու ասում ես՝ կրճատում եմ, կամ ասենք թե՝ իմ թիմից չես, իմ հետ չես եկել, դու գնա, այդ մարդը իրեն ո՞նց կզգա»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն դեմ եք նաեւ պետական կառավարման համակարգում օպտիմալացմանը, Ծառուկյանն արձագանքեց. «Այո դեմ ենք, որովհետեւ մարդիկ հեղափոխությանը մասնակցել են ավելի լավ ապրելու, ավելի գնահատված լինելու համար: Եթե այդքան մարդ գործազուրկ դառնա, պետության բեռն ավելանալու է, որովհետեւ պետությունը պետք է նպաստ տա: Մենք չենք ասել՝ ժողովուրդ ջան, մենք գալու ենք, դուք անգործ եք մնալու, ձեզ կրճատելու ենք»:

Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ օրինակ գազավորված ըմպելիքների թանկացումն ազդում է հասարակ մարդկանց վրա. «Եթե հարյուրապատիկ էլ բարձրացնեն տուրքերն ու հարկերը, դա ինձ չի կարող վերաբերվել, դա վերաբերվում է հասարակ ժողովրդին: Հիմա իմ թոռնիկներին ծնողներն արգելում են Կոկա կոլա խմեն, բայց երբ գալիս են ինձ մոտ, ամեն ինչ էլ կարելի է»: