Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն շարունակում է նվազեցնել բնակչությանը եւ երթեւեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները, որոնք առաջացել են Ալավերդի քաղաքի վարչական տարածքում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման աշխատանքների ընթացքում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին նախարարության կողմից հանձնարարվել էր օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ շինարարության հետեւանքով առաջացող փոշին նվազագույնի հասցնելու, երթեւեկությանը խոչընդոտող փոսերը հարթեցնելու եւ խնդրահարույց տեղամասերում շինաշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։

Փոշու քանակը վերահսկելու նպատակով կապալառուն կատարում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակն ու ջրցանման հաճախությունը։

Մեքենաների համար դժվարանցանելի հատվածներում այսօր արդեն տեղադրվում է ավազակոպճային շերտ։

«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար Դավիթ Ազատյանը նշեց, որ մշտական շփման մեջ են բնակչության հետ եւ անմիջապես կարձագանքեն ցանկացած խնդրի։