ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 14-ի իր նիստում հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենսգրքերում որի նպատակն է բացառել դատական տուգանքի կիրառումը գործի քննությանը մասնակցող դատախազի եւ փաստաբանի նկատմամբ:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Դավթյանը. Նա նշեց, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերով նախատեսված՝ դատական տուգանք սանկցիայի կիրառման հարցում բացառություն սահմանել գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի համար:

Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը եւ փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս նախաձեռնությունն իրենց համար ընդունելի է. սակայն նախագծերն անհրաժեշտ է լրամշակել, մասնավորապես՝ վերականգնելով դատարանի կողմից փաստաբանի եւ դատախազի նկատմամբ կիրառվող առանձնահատուկ սանկցիան, այն է՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ դիմելը: