ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությունների եւ լեզուների եվրոպական խարտիայի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով նախատեսված հերթական 5-րդ զեկույցի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային նիստը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների` վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի, կրթության եւ գիտության, արդարադատության, մշակույթի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ազգային վիճակագրական ծառայության եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ: Աշխատանքները համակարգում է ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիյա Բալասանյանը:
Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 28-ին կայացված որոշմամբ հաստատվել է փոքրամասնությունների լեզուների խարտիայի զեկույցների հրապարակման նոր ժամանակացույց: Ըստ այդմ` 2019 թվականից սկսած հրապարակվելու են հնգամյա պարբերական զեկույցներ, իսկ երկուսուկես տարվա ընթացքում պետք է ներկայացվի միջանկյալ զեկույց: Նախկինում խարտիայի պարբերական զեկույցները ներկայացվում էին երեք տարվա պերբերականությամբ: Հայաստանը խարտիայի պարբերական հինգերորդ զեկույցի միջանկյալ տարբերակը պետք է ներկայացնի 2019թ. մայիսին, իսկ մեր երկրի վերջին զեկույցը ներկայացվել է 2016 թվականին: Իր խոսքում ԿԳՆ վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ զեկույցում ընդգրկվելու են պետության կողմից ազգային փոքրամասնությունների կրթության, լեզվի եւ մշակությի պահպանման եւ զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ անդրադարձ կկատարվի առկա խնդիրներին եւ լուծումների առաջարկներին:
Քննարկման ընթացքում նշվել է, որ միջանկյալ զեկույցը նախատեսվում է քննարկել նաեւ ազգային փոքրամասնությունների համայնքների հետ:
Նշենք նաեւ, որ նախորդ զեկույցների արդյունքներով Հայաստանն արձանագրել է դրական ցուցանիշներ:





























