Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մարտի 21–ին, իր բողոքն էր ներկայացնում եզդի համայնքի ներկայացուցիչ տիկին Թառլանը՝ պահանջելով բացահայտել 4 տարի առաջ իրենց ընտանիքի դեմ կատարված հանցագործությունը։
Նրա խոսքով՝ 2015թ–ին ինքն ու ամուսինը իրենց տանը ենթարկվել են ավազակային հարձակման, ներխուժել են իրենց տուն, ծեծել ու թալանել։
«Ռազբոյ են արել։ Առավոտյան ժամը 6-ին մտել են տուն ու ինձ էլ, ամուսնուս էլ ծեծել են։ Հաջորդ օրը քրեականի պետ Ալեն Կարապետյանը զանգել, ասել ա, որ գնանք ու մեր ոսկիները ճանաչենք։ Մենք հիվանդանոցից հելնում, հասնում ենք էնտեղ, պարզվում ա, որ հանցագործներին բաց են թողել, ասում ա՝ Ազիզ Թամոյանը եկել ա, բաց ա թողել, տարել ա»,- ասում է տիկին Թառլանը՝ նշելով, որ հանցագործություն կատարածները Ազիզ Թամոյանի բարեկամներն են։
Տիկին Թառլանի խոսքով՝ հին իշխանությունների օրոք իրենց գործը կոծկվել է, սակայն նոր իշխանությունների օրոք նույնպես քննչական մարմինը գործին ընթացք չի տալիս։ Նա համոզված է, որ պատճառը հանցագործների ունեցած կապերն են։
«Էնի (խմբ. հանցագործություն կատարողը) մեր խնամին ա։ Հիմա էլ մեր վրա ա խնդում, թե, եթե ես եմ արել, էկեք բռնեք։ Դատախազ Վիկտոր Գրիգորյանն էլ իրա քավորն ա։ Ժամանակին Աղվան Հովսեփյանին էլ դիմեցինք, սկզբից լավ ընդունեց, հետո ասեց՝ ես չեմ կարա, դուք գնացեք, խփեք, սպանեք։ Բա տենց ո՞նց կլինի. Նիկոլ Փաշինյանը անկախություն ու ազատություն է տվել դատախազներին դատարավորներին, իրանք էլ անկախ աշխատում են։ Մենք իրան ենք ընտրել, հո դատավորներին չե՞նք ընտրել»,- ասաց նա։
Տիկին Թառլանի խոսքով՝ իրենց գործով արդեն հինգ քննիչ է փոխվել։ Դժգոհ են նաև գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից. «Երեք ամիս հանցագործներին տարել-բերել է ու բաց թողել»։
«Դավթյանը էնպես ա մեզ վերաբերվում, ոնց որ մենք իրա թշնամին լինենք»,- եզրափակեց տիկին Թառլանը։





























