Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ եւ 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի եւ անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի երեք խորհրդարանական ուժերը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցը եղել եւ շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության եւ Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ: 

Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները եւ առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը եւ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու եւ անհարկի շահարկումներ են:

Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝

պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը եւ ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը,

կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները եւ արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից:

1. «Ազատ Հայրենիք» կուսակցություն

2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն

3. ՀՅԴ Արցախի ԿԿ