Մենք առաջարկում ենք պարզաբանում մտցնել, որի համաձայն չի կարելի տույժ կիրառել դատավարությանը մասնակցող եւ հիմնական կողմերի շահերը ներկայացնող դատախազի ու փաստաբանի նկատմամբ: Այս մասին մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Քաղաքացիադատավարական օրենսգրքում, Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փաթեթի հեղինակներից մեկը՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ նախկինում դեպքեր են եղել, երբ փաստաբանների նկատմամբ նման կարգի տույժեր են կիրառվել, իսկ նրանք երբեմն գնացել են այդ որոշման բողոքարկման ճանապարհով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն, իր հերթին, առաջարկեց քննարկումը հետաձգել, օրինագծերի առաջարկվող փաթեթում լրացում կատարել, ըստ որի, մասնավորապես, չեղարկել պատժամիջոցների ձեւով դատական տույժերը նաեւ այս կամ այն կողմի նկատմամբ, որոնք փաստաբան չեն:

Որոշ ուշացումով քննարկմանը միացավ նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որն աջակցեց Արթուր Դավթյանի նախաձեռնությանը՝ հավելելով, սակայն, որ ստիպված են ամեն դեպքում այդ պատժամիջոցը փոխարինել պատժամիջոցի այլ տեսակով: Նախարարը նշեց, որ Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է դատարանին իրավունք վերապահել հայտարարությամբ դիմելու ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ Հայաստանի Փաստաբանների պալատին՝ դատական նիստի կողմերի ներկայացուցիչների դեմ հետագա վարույթ հարուցելու նպատակով:

Բավականին բուռն բանավեճերից հետո նիստի մասնակիցները որոշեցին 5 րոպե ընդմիջում հայտարարել, որից հետո հանձնաժողովը վերջնարդյունքում որոշեց այս հարցի քննարկումը մինչեւ 2 ամսով հետաձգել: Ընդ որում՝ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին արդարադատության նախարարի ներկայացրած առաջարկին: