Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ 59-ամյա Հակոբ Եդիգարյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:10-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել ենիր  անասնագոմ և այնտեղից գողացել Բույան անունով ձին և Զազո անունով քուռակը:

Ոստիկանները հայտնաբերել են ձին ու քուռակը մորթված վիճակում Մրգանուշ գյուղի անասնագոմերից մեկում: Պարզվել է, որ այդ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ 47-ամյա Լյովա Խաչատրյանին:

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս:

Լյովա Խաչատրյանը եւ նրա համագյուղացի 40-ամյա Կարեն Խաչատրյանը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանական ցուցմունք տվել:

Պարզվել է նաև, որ Բույանին ու Զազոյին գողանալու ժամանակ նրանց հետ է եղել նաև Կ. Խաչատրյանի աներորդին՝ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ 37-ամյա Կամո Մինասյանը։

Ըստ աղբյուրի՝ Լ. և Կ. Խաչատրյանները ստորագրությամբ բաց են թողնվել, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ: