Երեքշաբթի անհայտ անձինք հարձակվել են ավտոմեքենայի վրա, որով ընթանում էր Վենեսուելայի ընդդմիադիր խորհրդարանի ղեկավար, իրեն նախագահ հռչակած Խուան Գուայդոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

VPI TV հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե Գուայդոյի մեքենան ինչպես է ընթանում փողոցով: Լուսակրի մոտ կայանելիս մեքենային է մոտենում մի մարդ, որը փորձում է բացել դուռը եւ ոտքով հարվածում է մեքենային: Ավտոմեքենան շարժվում է, եւ փողոցում հավաքված մարդիկ սկսում են մեքենայի վրա ինչ-որ իրեր նետել:

«Երբ Գուայդոն ազգային ասամբլեայից դուրս է եկել, նրան տեղափոխող մեքենան հարձակման է ենթարկվել զինված մարդկանց կողմից հասցված հարվածներով եւ բութ գործիքներով»,- հայտնում է հեռուստաալիքը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն է հայտնել:

«Միացյալ Նահանգները դատապարտում է ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի ավտոշարասյան վրա հարձակումը, ինչպես նաեւ ազգային ասամբլեայի պատգամավորների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդումները... Վախեցնելու այդ գործողությունները չեն կարող հետաձգել անխուսափելին՝ ժողովրդավարության, կայունության եւ Վենեսուելայի ժողովրդի բարգավաճման խաղաղ վերականգնումը»,- հայտարարել է նա:

Հունվարի 21-ին Վենեսուելայում Մադուրոյի դեմ բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել՝ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Անկարգությունները սկսվելուց հետո ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին:

Մադուրոն, իր հերթին, խորհրդարանի ղեկավարին անվանել էր ԱՄՆ խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես լեգիտիմ նախագահի: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» գոյություն չունեցող են անվանել: