Վրաստանում Գորիի շրջանային դատարանը 20-ամյա հովիվ Մալխազ Կոբաուրիին անժամկետ բանտարկության է դատապարտել Խադա կիճում (Մցխեթի-Մթիանեթի շրջան) ամերիկացի Սմիթների ընտանիքի սպանության մեղադրանքով, դատարանից հայտնում է «Sputnik Գրուզիան»:
Երկու օր առաջ երդվյալների դատարանը Կոբաուրիին միաձայն մեղավոր էր ճանաչել 2018 թվականի հուլիսի սկզբին Ռայան Սմիթի, նրա կնոջ՝ Լորայի եւ 4-ամյա երեխայի սպանության մեջ:
Կոբաուրին կտրականապես հերքում է մեղքը: Նրա խոսքով՝ ամերիկացիներին սպանել են իրեն անծանոթ 2 մարդիկ: Երիտասարդի մայրը պնդում է, որ իր որդու դեմ դավ է նյութվել:
Այսօրվա նիստին ներկա էր նաեւ ԱՄՆ հյուպատես Ջեննեթ Ռեբերը: Նրա կրծքին փակցված էր ամերիկացի ընտանիքի լուսանկարը:
Գործի նյութերի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 4-ին Կոբաուրին Խադա կիրճում հանդիպել է Ռայան, Լորա Սմիթներին եւ նրանց 4 տարեկան երեխային, որոնք այնտեղ էին եկել որպես զբոսաշրջիկներ: Հովիվը, որոշելով Լորային բռնաբարել, ամբողջ ընտանիքին հատուկ տարել է կիրճով հեռու դեպի ջրվեժը, որտեղ ձնաթմբի մոտ երեխայի աչքի առաջ իր որսորդական հրացանով կրակել է Ռայան Սմիթի վրա՝ նախ մեջքին, ապա գլխին: Տղամարդը տեղում մահացել է:
Քննության վարկածով՝ դրանից հետո Կոբաուրին սպանել է 4-ամյա երեխային: Նա սկզբում կրակել է երեխայի աջ ուսին եւ ազդրին, ապա դիմահար գլխին: Հոր եւ որդու հարցերը լուծելուց հետո Կոբաուրին բռնաբարել է Լորա Սմիթին, ապա նրան ջրահեղձ արել: Քննիչները հրացանը գտել են հովիվների բնակության վայրից 30 մետր հեռավորությամբ, որը փաթաթված էր անձրեւանոցի մեջ:
Կոբաուրիի դեմ քրեական գործ էր հարուցվել «բռնաբարություն» եւ «կանխամտածված սպանություն՝ կատարված այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը դյուրացնելու համար, մեղադրյալի համար նախապես հայտնի անչափահաս կամ անօգնական վիճակում գտնվող անձանց դեմ, հատուկ դաժանությամբ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ»:
Այս հանցագործության համար նվազագույն պատժաժամկետը 16 տարի է, առավելագույնը՝ անժամկետ բանտարկությունը:





























