Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտում մշակումներ կան, որոնք կարող են սերիական արտադրություն ունենալ: Մարտի 27-ին ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին:

Վարչապետը, միաժամանակ, ընդունեց, որ այս մշակումները դեռեւս թեստավորման փուլում են: «Արտադրություն սկսելու համար մենք թեստավորման միջոցով պետք է համոզվենք դրանց ռազմական արդյունավետությանը: Իսկ սերիական արտադրության համար բավական չեն միայն հայկական շուկային մատակարարումները: Այս դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաեւ մեր արտադրանքի արտահանմանը, քանի որ զենքի շուկան բավականին խոշոր է: Ուստի մենք պետք է փորձենք մեր արտադրանքի որոշակի պահանջարկ ձեւավորել»,- պարզաբանեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե առայժմ չի կարող հայտնել՝ կոնկրետ ինչ արտադրանքի մասին է խոսքը, որոնք են բավարարել իր հարցումները, «քանի որ ռազմա-արդյունաբերական համալիրը պետք է ի վիճակի լինի ստեղծելու ռազմական տեխնիկայի նոր տեսակներ եւ արտադրանք»: «Այնպիսի մշակումներ, ինչպիսիք այլ երկրներում չկան»,- շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ այս հարցում պետք ճկունություն դրսեւորել եւ գործել մի քանի քայլ առաջ: