Վերջերս տեղի ունեցած Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, ըստ էության, դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հարցում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դեբյուտը: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը նախկինում էլ է այս թեմայով հանդես եկել, սակայն ելույթները տեղի են ունեցել այլ մակարդակում: «Կարծում եմ՝ շատերին, հատկապես միջազգային խաղացողներին միանգամայն հետաքրքիր էր տեսնել, թե Հայաստանի վարչապետն ինչպես է գործում, ինչ դիրքորոշում է գրավում, բանակցային գործընթացում ինչպիսի մարտավարություն եւ մեթոդաբանություն կընտրի, քանի որ բանակցային գործընթացն ինքնին բավականին նուրբ արվեստ է, եւ դրան պետք է տիրապետես»,- պարզաբանեց Հակոբյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ Փաշինյանի մոտ ակնհայտ փորձի պակաս կա, եթե համեմատենք Ալիեւի հետ, որը 2003 թվականից նստած է բանակցային սեղանի շուրջ եւ արդեն ձեռք է բերել փորձ:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ պետությունների ղեկավարների հանդիպումը կարեւոր էր, քանի որ դրա նկատմամբ որոշակի հետաքրքրություն կար թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային հանրության մոտ: «Ճիշտ է, ոչ ոք պատրանքներ չուներ: Բոլորը հասկանում էին, որ հանդիպումը որեւէ էական արդյունք չի տա: Իրականում այն, ինչ տեղի ունեցավ, այն առավելագույնն էր, որին կարելի էր հասնել եւ այս հանդիպումից սպասել, հատկապես բանակցային գործընթացի ներկայիս փուլում: Եթե կարելի է այսպես արտահայտվել, ապա կողմերը հետախուզություն են անցկացրել միմյանց եւ ընդհանրապես իրավիճակի ուղղությամբ»,- նշեց քաղաքագետը:

Նա նշեց, որ բոլոր կողմերն իրենց օրակարգն ունեին: Համանախգահներն, օրինակ, ցանկանում էին թեկուզ ինչ-որ արդյունքի հասնել: Իսկ Ալիեւը ցանկանում էր «ստուգել Փաշինյանի ուժը» եւ ծանոթանալ գոյություն ունեցող հիմնախնդրի վերաբերյալ նրա դիրքորոշմանը:

«Ըստ էության, բոլոր ջանքերն ուղղված էին բանակցային գործընթացի հումանիտար մասին, եւ կողմերին՝ ինչպես Երեւանին, այնպես էլ Բաքվին չհաջողվեց առաջ մղել իրենց օրակարգը եւ հիմնախնդրի լուծման իրենց տեսլականը»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, հայկական կողմը ինչ-որ տեղ շտապելու  պատճառ չունի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: