Գիտեք, Հայաստանը եւ Ռուանդան կարծում եմ միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Այս մասին ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհաբ Մնացականյանը:

«Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն եւ այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու եւ վերացնելու փորձը։ Մենք Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։ Ելնելով մեր սեփական, մեր ժողովրդի փորձից՝ մենք գիտենք, որ եթե խնդրին չես անդրադառնում, եթե չես պայքարում այդ հանցագործության դեմ, ապա այն հետապնդելու է սերունդներին: Այն հետապնդում է մեր ժողովրդի սերունդներին, քանի որ ողբերգության խորությունը զազրելի է: Ուստի մենք պետք է գործենք եւ աշխատենք միասին»,-նշել է Մնացականյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը եւ Ռուանդան լուրջ եւ կարեւոր ներդրում են կատարում ցեղասպանությունների, զանգվածային վայրագությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում:

Իմ այցը կենտրոնանալու է նաեւ Հայաստանի եւ Ռուանդայի ժողովուրդների միջեւ համագործակցության զարգացման վրա: Եվ իհարկե, իմ այցի կարեւորագույն մասն է կազմում ապրիլի 7-ը: Ես այստեղ եմ եկել հայ ժողովրդի եւ Հայաստանի կառավարության անունից՝ մեր համերաշխությունը հայտնելու Ռուանդայի կառավարությանը եւ ժողովրդին՝ Ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումների անցկացման կապակցությամբ, եւ հենց սա է մեր այցի հիմնական նպատակը: Այցի ժամկետների ընտրության հարցում մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք հենց ապրիլի 7-ի վրա: Ահա թե ինչու եմ ես այստեղ եւ հուսով եմ, որ, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, մենք արդեն իսկ համատեղ աշխատելու ուղեգիծ ունենք»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: