Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքի 3 երեխաներին մանկատուն տեղափոխելը ճիշտ որոշում է եղել, սակայն սխալ է, երբ երեխաները տարբեր մանկատներում են հայտնվել: Այս եզրակացության է եկել «Շիրակ կենտրոնը»՝ այդ խնդրով իր ուսումնասիրություններից հետո:
Այս խնդրի առնչությամբ, Կենտրոնը դիմում-ուղերձ է հղել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, որում ասվում է.
«Այս դեպքը, որի մասին լրատվամիջոցներով եւս եղել են բազմաթիվ լուսաբանումներ, հարուցել է հասարակության վրդովմունքը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից կատարվեցին նաեւ լուսանկարահանումներ ու տեսաձայնագրություններ (http://shirakcentre.org/index.php/hy/component/videoflow/?task=play&id=47):
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում, երբ այդ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ երեխաների մայրը հրատապ բուժզննման կարիք ունի, գուցե ժամանակավոր, բայց միակ ճիշտ լուծումը երեխաներին մանկատուն տեղափոխելն էր: Սակայն սխալ մոտեցում է ցուցաբերվել, երբ նույն ընտանիքի երեխաները բաժանվել եւ տեղավորվել են քաղաքի տարբեր ծայրամասերում գտնվող մանկատներում: Հաստատությունների աշխատակիցների պատմելով` այդ երեխաները համարյա թե չեն խոսում եւ չեն շփվում, ինչը, կարծում ենք, նաեւ նրանց մեկմեկուց բաժանելու պատճառով է:
Ուստի դիմում ենք Ձեզ եւ առաջարկում, որ այդ ընտանիքի երեք երեխաներին հնարավորություն տրվի բնակվելու նույն մանկատանը: Ի դեպ, մեր այս կարծիքը կիսում է նաեւ «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Ս. Սիմոնյանը, ով մեր հանդիպման ժամանակ պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի ընդունելու նաեւ նույն ընտանիքի մյուս երկու երեխաներին: Երեխաներին միավորելու եւ նույն մանկատանը տեղափոխելու տեսակետին համաձայն է նաեւ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Ավելին, ՀՀ կառավարության 9 նոյեմբերի 2006 թվականի N 1735-Ն երեխաների խնամքի եւ պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) երեխաների տեղավորման մասին որոշմամբ սահմանված կագի 11-րդ կետի համաձայն. « Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր եւ եղբայրներ) տեղավորվում են միեւնույն մանկատանը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հատկացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին:
Խնդրում ենք Ձեզ` շուտափույթ կերպով լուծում տալ այս խնդրին եւ մինչեւ այդ ընտանիքի սոցիալական վիճակի մի փոքր բարելավումը կամ գոնե կիսախարխուլ տան նորոգումը, որի մասին կարծում ենք հոգ պետք է տանեն նաեւ մարզային եւ տեղական իշխանությունները, երեխաներին հրատապ կերպով տեղափոխել նույն մանկատուն»:
Հիշեցնենք, որ երեխաները տարբեր մանկատներ են տեղափոխվել հենց Շիրակի մարզպետի միջնորդությամբ, այնինչ երեխաների հայրը պնդում է, որ երեխաներին մանկատուն են տարել իրենց կամքին հակառակ:




























