«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի՝ ընդդեմ Բնապահպանության նախարարության դատական հայցը վարչական դատարան է մտել 2011 թվականի փետրվարի 28-ին, սակայն առ այսօր գործի քննությունից որեւէ նորություն չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով, իրենց կազմակերպությունը հայցադիմումով պահանջում է կասեցնել դելֆինարիումի գործունեությունը, քանի որ բնապահպանության  նախարարությունը դրա գործարկումից առաջ շրջակա միջավայրի համապատասխան փորձաքննություն չի իրականացրել եւ դելֆինարիումի գործունեությունը թույլատրել է առանց անհրաժեշտ հիմքերի։ 

Զրույցի ընթացքում Սիլվա Ադամյանը նաեւ մտավախություն հայտնեց, որ երեւանյան դելֆինարիումն իրենից վարակի տարածման պոտենցիալ օջախ է ներկայացնում։ «Երբ դելֆիններն ապրում են ոչ ծովային կամ օվկիանոսային աղի, այլ սովորական ջրով լցված ջրավազաններում, կարող են վարակվել տարբեր ինֆեկցիաներով։ Ես դելֆինների մասնագետ կամ պարազիտոլոգ չեմ, սակայն սրա մասին հստակորեն նշված է համապատասխան գրականության մեջ։ Բացի այդ, նույն այդ կենդանիները ինֆեկցիաներով կարող են վարակել նաեւ մարդկանց։ Վարակները մարդուն կարող են փոխանցվել դելֆինների հետ սուզվելու, դելֆինաթերապիայի, ինչպես նաեւ ջրի կաթիլների՝ մարդկանց վրա ցայտելու հետեւանքով»,- բացատրեց բնապահպանը։

Նշենք, որ դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում հավաստիացրել էր, որ դելֆինարիումի 4 դելֆինները եւ 2 ծովափոկերն իրենց արտակարգ լավ են զգում, եւ լուրերը, թե կենդանիներն ինչ-ինչ առողջական խնդիրներ ունեն, իրականությանը չեն համապատասխանում։ Նրա խոսքով, կենդանիներն իրենց վատ չեն կարող զգալ այն պարզ պատճառով, որ նրանցով Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ են զբաղվում։