Հայաստանի հարցով համազեկուցողները ադեկվատ պատկերացում ունեն Հայաստանում հետմարտիմեկյան իրավիճակի վերաբերյալ եւ կտան նույնպիսի գնահատականներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով Հայաստանի հարցով համազեկուցողների Երեւան կատարելիք այցին:
Նա նշեց, որ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ պատրաստվում են բարձրաձայնել մի շարք հարցեր, մասնավորապես, որ ՀՀ իշխանությունները չեն կատարել ԵԽԽՎ վերջին բանաձեւի պահանջները, մասնավորապես` նախկինի պես սահմանափակում են հավաքների, ինչպես նաեւ խոսքի ազատությունը, բանտերում են գտնվում քաղաքական հայացների համար հետապնդվող անձինք, եւ դեռեւս բացահայտված չեն մարտի 1-ի սպանդի հեղինակները:
Հարցին, թե իշխանությունները քանի՞ տոկոսով են կատարել ԵԽԽՎ պահանջները` հետմարտիմեկյան իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց. «Տոկոսով թող գնահատեն իշխանությունները՝ հաշվի առնելով երկրում առկա քաղաքական լարվածությունը, նաեւ այն, որ դեռեւս չի հաղթահարվել քաղաքական ճգնաժամը, ինչի մասին վկայում են նաեւ Հայաստանում այս օրերին գտնվող եվրոպացի պաշտոնյաները»:
Կարապետյանի խոսքով` չհաղթահարված քաղաքական ճգնաժամի հետեւանք է նաեւ երկրում առկա սոցիալական ճգնաժամը եւ դրա հետեւանքով պարբերաբար կազմակերպվող բողոքի ակցիաները: «Իսկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքներին ժողովրդի ակտիվ մասնակցությունը եւ նրանց արտահայտած դժգոհության չափը վկայում են, որ իշխանությունները չեն կատարել իրենց իսկ կողմից տրված խոստումներից եւ ոչ մեկը»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը Հայաստան են այցելելու մարտի 15-ին: Մարտի 16-ին նախատեսված է համազեկուցողների հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ 17-ին նախատեսված են նրանց հանդիպումները Ազգային ժողովի խմբակցությունների հետ:




























