Ուզում ենք օր առաջ կյանքի կոչել բալային համակարգը, որպեսզի բոլորը հասկանան՝ իրենք վարորդական իրավունքից կզրկվեն, եթե հաճախակի կատարեն նմանատիպ խախտումներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը՝ անդրադառնալով խցանումներին և տրանսպորտային միջոցների կայանատեղիների սակավությանը:

«Արդեն 2.5 տարի է՝ Ճանապարհային ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ մեծ ծավալի աշխատանքներ է կատարում տաքսիների կայանատեղերի հետ կապված: Նրանք հարց էին բարձրացնում, որ տեղ չունեն իրենց մեքենաները կայանելու, մենք այդ հարցը լուծել ենք»,- նշեց Կարապետյանը, և ավելացրեց, որ կան տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ հիմնականում տաքսիներ, որոնք բոլորի աչքի առաջ շատ խախտումներ են անում:

«Այս պահին մեր ձեռքի տակ պաշտոնական վիճակագրություն չկա: Բայց ավտոպատահարների մեջ գերակշռող մասը տաքսիներն են: Ավելի շատ են խախտում  կանոնները: Վիճակագրություն անելը բարդ է դառնում, քանի որ կան չմակագրված, և ընդանրապես, որևէ նշում չունեցող տաքսիներ»,- ասաց Կարապետյանը: