Ես մարդու մեջ գնահատում եմ իր աշխատելու կարողությունը, ոչ թե ֆեյսբուքում կատարած գրառումները, ես հիմք չունեմ նրան աշխատանքից ազատելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը, անդրադառնալով իր տեղակալ Արամ Մանուկյանի հերթական աղմկահարույց գրառումներին:
Թաղապետը նշեց, որ այսօր Մանուկյանը 1 ամսով չվճարվող արձակուրդի է մեկնել:
«Մինչ այսօր՝ արձակուրդ գնալու մասին խոսակցություն չի եղել: Իր իրավունքն էր իր հաշվին արձակուրդ գնալը, և ես թույլ եմ տվել: Իսկ անցած անգամվա գրառման վերաբերյալ ունեցել ենք քննարկում: Մեր մեջ որևէ տարաձայնություններ չի եղել և չկան»,- ասաց նա, և ավելացրեց, որ վերջին գրառումների վերաբերյալ դեռ չեն խոսել։
«Ես չեմ կիսում իր գրառումների միտքը, բայց դա իր իրավունքն է՝ աշխատանքից հետո անել հայտարարություններ, որոնք ամենևին չեն վերաբերում իր վարչական շրջանին: Արամ Մանուկյանն արտահայտել է իր տեսակետը»,- ասաց Աջափնյակի թաղապետը:
Նշենք, որ երկու օր առաջ փոխթաղապետը մի շարք գրառումներ էր կատարել՝ թիրախավորելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին։
Աջափնյակի փոխթաղապետ Արամ Մանուկյանը սկանդալային գրառումներից հետո աշխատանքի չի գնացել (ֆոտո)




























