Տվյալ դեպքում խոսքը խոշոր եղջերավոր անասունների հարկման ռեժիմի մասին է: Այս մասին մայիսի 2-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության  խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել ցեղական անասնաբուծական տնտեսությունները, ինչպես նաեւ ցեղական տնտեսությունները, որոնք Հայաստանի տարածք են ներմուծում կամ աճեցնում ցեղական անասուններ: Ընդ որում՝ նա նշեց, որ անասնաբույծներին ավելի ձեռնտու է իրենց անասունն իրացնել վրացական շուկայում, քանի որ արտահանման դեպքում ԱԱՀ չի գանձվում:

Կարապետյանը շեշտեց, որ իրենց հաշվարկներով, անցյալ տարի Հայաստանից վաճառվել է մոտ 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ներմուծվել է մոտ 800:

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ իրենք Կառավարությունից ԱԱՀ-ից ազատելու մասին առաջարկ են ստացել, բայց միայն մասնավոր անձանց ցեղական անասունի վաճառքի դեպքում:

Օրինագիծը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը: