Թուրքիան ՆԱՏՕ-ից չի հեռանում՝ Ռուսաստանի հետ Ս-400 ԶՀՊ համալիրների գնման համաձայնագիր կնքելով: Այս մասին NTV-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտանության նախարար Հուլուսի Աքարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ վերջին առաջարկը Թուրքիային Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների վաճառքի մասին ավելի դրական է, քան Վաշինգտոնի նախկին առաջարկները: Նա նշել է, որ թուրքական կողմն այս առաջարկը քննարկում է:

Աքարի կարծիքով՝ Ս-400-ի գործարքը չի ազդի ամերիկյան F-35 կործանիչների մշակման ծրագրում Թուրքիայի մասնակցության վրա:

Գնահատելով վերջերս տեղի ունեցած իր հանդիպումը ԱՄՆ հատուկ դեսպանորդի հետ՝ նա նշել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները «դրական եւ կառուցողական» են եղել:

«Մենք հրապարակավ ԱՄՆ-ին ենք փոխանցել մեր պահանջները եւ առաջարկները»,- շեշտել է Աքարը:

ԱՄՆ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին Անկարայում հանդիպումների շարք է անցկացրել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, ներառյալ նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ ԱԳ փոխնախարար Սադաթ Օնալի հետ:

Աքարը եւ Ջեյմս Ջեֆրին քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները, հատկապես իրավիճակը Եփրատից արեւելք: