Երկրագնդի վրա գլոբալ տաքացման հետեւանքով ձմռանը Արկտիկայում ավելի ու ավելի շատ չսառած ջուր եւ ավելի քիչ ձյուն է հայտնվում։ Այժմ այդ ժամանակաշրջանում նույնիսկ անձրեւներն են հաճախակիացել, եւ այդ ամենը անմիջականորեն ազդում է շրջակա միջավայրի, մասնավորապես՝ հյուսիսային եղջերուների վրա՝ հայտնում է Fox News-ը։

Եղջերուների այդ տեսակը, որոնց պատմությունը Սվալբարդյան կղզիներում հաշվվում է մոտ 5000 տարի, բավական փոքրաթիվ է․ դրանցից այժմ 20 000 եղջերու կա։ Ներկայում հյուսիսային եղջերուները ստիպված են սնվել ծովային ջրիմուռներով, որպեսզի գոյատեւեն ձմռանը, որը հետզհետե ավելի կտաքանա։ Այս հազվագյուտ կենդանիների սննդի փոփոխման հիմնական պատճառը, Գիտության եւ տեխնոլոգիայի նորվեգական համալսարանի գիտնականների կարծիքով, այն փաստն է, որ այժմ նրանց ավելի դժվար է գտնել այն բույսերը, որոնցով նրանք սովորաբար սնվում են։

Բանն այն է, որ այժմ ձյան փոխարեն ձմռանն ավելի շատ են անձրեւներ տեղում, որոնք այնուհետեւ վերածվում են սառույցի, որը խախտում է բույսերի վեգետացիան։

Գիտնականները հյուսիսային եղջերուների սննդակարգում փոփոխությունները նկատել են, երբ կենդանիները սկսել են հավաքվել ծովի ափին, այն դեպքում երբ նախկինում նրանք գերադասում էին գնալ կղզիների խորքը։ Վատ բան գուշակելով՝ գիտնականները ջրիմուռ ուտող հյուսիսային եղջերուների կղանքը համեմատել են սովորական բույսերով սնվող եղջերուների կղանքի հետ։ Կանխագուշակումները ճիշտ են դուրս եկել։ Ծովային ջրիմուռներն այնքան էլ սննդարար չեն, ինչպես տունդրայի բույսերը, որոնք սովորաբար ուտում են հյուսիսային եղջերուները։ Այժմ կենդանիները այս կամ այն չափով սնվում են ջրիմուռներով, որպեսզի լրացնեն սննդի պակասը։

Նույն հետազոտությունների համաձայն, տվյալ գործընթացը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ։ Սակայն խնդիրը ոչ միայն ծովային ջրիմուռների անբավարար սննդրարության մեջ է։ Այժմ հյուսիսային եղջերուները, որոնք հավաքվում են առափնյա շրջանում, հեշտ որս կդառնան բեւեռային արջերի համար եւ արդյունքում կհայտնվեն ոչնչացման եզրին։