Կիրակի առավոտյան Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Տեղական ժամանակով 07:00-ին երկրում բացվել են 3480 ընտրատեղամասերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսօր իրենց ձայնի իրավունքը կարող են օգտագործել ավելի քան 1.8 մլն քաղաքացիները: Նրանք պետք է ընտրեն երկու թեկնածուներից մեկին՝ Ստեվո Պենդարովսկիին իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունից» եւ երկրում ամենախոշոր ընդդիմադիր «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն՝ Մակեդոնական ազգային միասնության ժողովրդավարական կուսակցության» թեկնածու Գորդոն Սիլյանովսկա-Դավկովին: Ըստ Պետական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առաջին փուլի արդյունքներով թեկնածուները հավաքել էին համապատասխանաբար 322 581 եւ 318 341 ձայներ:
Ընտրությունների երկրորդ փուլը կարող է անցնել շատ ավելի լարված պայմաններում, ինչը պայմանավորրված է մի քանի պատճառներով: Դրանցից են առաջին փուլում շատ ցածր մասնակցությունը եւ առաջատար թեկնածուների հավաքած ձայների միջեւ աննշան տարբությունը: Հարցումների արդյունքները վկայում են, որ երկրորդ փուլի նախօրեին ընտրողների ավելի քան 40 տոկոսը դեռեւս չէին կողմնորոշվել իրենց ընտրության հարցում: Սակայն որոշում կայացրած քաղաքացիների 22 տոկոսը մտադիր են սատարել Ստեվո Պենդարովսկիին, իսկ շուրջ 16 տոկոսը՝ ընդդիմության առաջնորդին:
Եզրափակիչ փուլում հաղթող կճանաչվի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն պայմանով, որ ընտրություններին մասնակցությունը կկազմի 40 տոկոս, այսինքն՝ ոչ պակաս, քան 723 253 մարդ Պետական ընտրահանձնաժողովում գրանցված 1 808 131 քաղաքացիներից:
Քաղաքացիների կամարտահայտումը կավարտվի ժամը 19:00-ին: Ակնկալվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին, իսկ պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ օրվա ընթացքում:





























