Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հանում են բոլոր սահմանափակումները, որոնք մտցրել էին երկրի հարավի բնակիների համար՝ պաղեստինյան գնդակոծությունների հետ կապված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ փաստացի հաստատվում է գրեթե երկու օր հարվածների փոխանակումից հետո հակամարտության կողմերի հրադադարի պայմանավորվածության հասնելու մասին:
«7.00-ից բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին Թիկունքի ծառայության կողմից, կհանվեն»,- հայտարարել են զինվորականները:
Սահմանափակումներն ու արգելքները, որոնք մասնավորապես վերաբերում էին Գազայի հատվածին շրջանների հասանելությանը, դպրոցներում դասերին, զանգվածային միջոցառումների անցկացմանը, գործում էին պաղեստինյան անկլավի սահմանից 40 կմ շառավղով:
Գազայի հատվածի խոշորագույն խմբավորումներ ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» վերահսկած հեռուստակայանները ավելի վաղ հաղորդել էին ռազմական գործողությունները 4.30-ից դադարեցնելու մասին:
Հարվածների փոխանակումը իսրայելական կողմից 4 մարդու եւ շուրջ 25 պաղեստինցու կյանք է խլել՝ դառնալով 2014 թվականին ռազմական արշավից հետո պաղեստինա-իսրայելական դիմակայության ամենամասշտաբային եւ արյունահեղ ռաունդը: Գնդակոծությունը կարող էր հարցականի տակ դնել «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի անցկացումը, որը նախատեսված է ամսվա կեսին Թել Ավիվում: Այս ամիս մուսուլմանները սկսում են նշել Ռամադանը, իսկ իսրայելցիները նշում են Անկախության օրը՝ իրենց պետության կազմավորման 71-րդ տարեդարձը:
Ըստ զինվորականների վերջին ամփոփագրերի՝ նրանք Գազայի հատվածում հարձակվել են 350 թիրախի վրա, որտեղից արձակվել էր 690 հրթիռ եւ ական: Դրանցից 240-ը որսացել են «Երկաթե վահան» ՀՀՊ կայանքներով, իսկ առնվազն 35-ը, ոստիկանության տեղեկություններով, ընկել են բնակավայրերի հատվածում: Հրթիռակոծության մասին ահազանգող վերջին ազդանշանները Գազայի հատվածի սահմանին հնչել են մոտ 2.30-ին:





























