ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի իր Twitter-յան էջում հրապարակել է իրավաբան Ջեֆրի Ֆալուել կրտսերի գրած հաղորդագրությունը, որում նա կոչ է անում լրացուցիչ 2 տարով երկարացնել Թրամփի նախագահական ժամկետը՝ կապված այս ամբողջ ժամանակահատվածում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննության հետ, որն այդպես էլ չի հայտնաբերել Ռուսաստանի հետ նրա նախընտրական շտաբի դավադրություն: ԱՄՆ առաջնորդը ավելացրել է նաեւ այս թեմայով սեփական մեկնաբանությունը, սակայն դրա մեջ ուղիղ չի հիշատակել իր կողմից նման ցանկության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա Դոնալդ Թրամփի համար լավագույն շաբաթն էր՝ ոչ մի դավադրություն, արդարադատության իրականացման համար ոչ մի խոչընդոտ, The New York Times-ն ընդունել է, որ Բարաք Օբաման իրականում լրտեսել է նրա նախընտրական արշավը, իսկ տնտեսությունն այս ընթացքում ծաղկում է: Հիմա ես կողմ եմ, որ վնասը պետք է փոխհատուցվի՝ անհրաժեշտ է Թրամփի առաջին ժամկետին եւս երկու տարի ավելացնել՝ որպես այն ժամանակի փոխհատուցում, որը նրանից գողացվել է այդ անազնիվ եւ ձախողված պետական հեղաշրջման փորձով»,- նշված է Վիրջինիա նահանգի Լիբերտիի համալսարանի ղեկավար Ֆալուել կրտսերի հաղորդագրության մեջ, որն իր էջում հրապարակել է երկրի նախագահը:

Թրամփն իր մեկնաբանության մեջ փաստացի կրկնել է նույն փաստարկները, բայց ավելի զգուշավոր: «Չնայած իմ՝ որպես նախագահի ահռելի հաջողություններին, այդ թվում, հավանաբար, լավագույն տնտեսական իրավիճակին եւ պատմության մեջ նախագահության ամենահաջող առաջին երկու տարիներին, նրանք գողացել են իմ (մեր) նախագահության 2 տարին (մտացածին դավադրության պատճառով), եւ մենք երբեք չենք կարողանա դրանք վերադարձնել: «Վհուկների որսն» ավարտվեց, բայց մենք երբեք չենք մոռանա: Ամերիկան դարձյալ մեծ կդարձնենք»,- գրել է ԱՄՆ նախագահը: