Պանամայի ձախ ցենտրիստական Հեղափոխադեմոկրատական կուսակցության թկնածու երկրի գյուղատնտեսության նախկին նախարար, բիզնեսմեն Լաուրենտինո Կորտիսոն հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 33,07 տոկոսը: Այս մասին հայտնել է հանրապետության Ընտրական տրիբունալի ներկայացուցիչը, հայտնում է Telemetro հեռուստաալիքը:

Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի մշակման արդյունքներով՝ Կորտիսոյին իրենց ձայնը տվել են երկրի ավելի քան 617 հազար քաղաքացիներ: Երկրորդ տեղը գրավել է «Ժողովրդավարական փոփոխություններ» լիբերալ կուսակցության թեկնածու Ռոմուլո Ռուն՝ նա ստացել է ավելի քան 580 հազար ձայն (31,07 տոկոս):

Ընտրական տրիբունալում նշել են, որ արդյունքն «անշրջելի միտում ունի»: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73 տոկոս:

Ավելի վաղ ինքը Կորտիսոն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է: «Ես գոհ եմ: Սա հաղթանակ է, մենք հաղթել ենք: Այն, ինչը հիմա պետք է անենք՝ ուժերի միավորումն է»,- ասել էր քաղաքական գործիչը:

Նախագահական մրցապայքարին մասնակցում էր 7 թեկնածու, պետության ղեկավարը 5 տարով ընտրվում է հանընդհանուր ուղիղ եւ գաղտնի քվեարկությամբ: