Աշխարհահռչակ փոփ-երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգի կազմակերպիչ VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանի դեմ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նրա խոսքով, ոստիկանության կենտրոնականի բաժին VH Music-ի տնօրենի դեմ ավելի քան 30 քաղաքացիների դիմում- բողոքների են ստացվել։ Նրանք պահանջում են իրենց վերադարձնել չկայացած համերգի տոմսերի գումարները։

Մեր բոլոր փորձերը՝ կապ հաստատել անձամբ Վահե Հարությունյանի հետ եւ փաստի առնչությամբ լսել նրա մեկնաբանությունը, անհաջողության մատնվեցին։ Նա արդեն մի քանի օր է՝ համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին, չպատասխանեց նաեւ այսօր։

Նշենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու:

Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության տնօրենը հավաստիացրել էր, որ իրենք փուլ առ փուլ վերադարձնելու են համերգի տոմսեր գնած բոլոր մարդկանց եւ կազմակերպությունների գումարները։ «Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կամ զանգահարել մեզ»,- ասել էր Հարությունյանը։

Նշենք, որ համերգին պետք է մասնակցեին նաեւ երգիչներ Արա Մարտիրոսյանը, Սիրուշոն եւ «Օզոն» խմբի անդամ Արսենին։