Մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողով են այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերանները, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Հյուրերի համար նախատեսված հատուկ պատշգամբում, որտեղից կարելի է հետեւել խորհրդարանի նիստի ընթացքին, ծափերով ողջունեցին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի աշակերտները: Վետերանները զրուցեցին լրագրողների եւ աշակերտների հետ, պատմեցին անցած հերոսական մարտական ճանապարհի, պատերազմական կյանքի դժվարությունների մասին եւ նշեցին, որ աճող սերնդի հետ մեծ հույսեր են կապում:

Նշենք, որ վետերաններն Ազգային ժողով են այցելել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հրավերով, որը խորհրդարանում ներկայացնում է երկրի ռուսական համայնքը: