ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ չինական ներմուծման համար մաքսատուրքեր մտցնելն ավելի շահավետ է, քան Պեկինի հետ առեւտրային համաձայնագիր կնքելը։

«Գործն սկսվել է. մենք լրացուցիչ 25 տոկոս տուրքեր ենք մտցրել մնացած 325 մլրդ դոլարի չինական ապրանքների համար։

ԱՄՆ-ը Չինաստանին վաճառում է մոտավորապես 100 մլրդ դոլարի ապրանքներ եւ մթերքներ, ինչը շատ մեծ անհավասարակշռություն է։ Մենք կգնենք գյուղտնտարտադրանք մեր հիանալի ֆերմերներից  մեծ քանակությամբ, ինչն անում էր Չինաստանը, եւ կուղարկենք աղքատ ու սովյալ երկրներին որպես մարդասիրական օգնություն... Իսկ մինչ այդ կշարունակենք բանակցությունները Չինաստանի հետ՝ այն հույսով, որ նրանք այլեւս չեն փորձի վերանայել գործարքը։

Տուրքերը մեզ ավելի շատ շահույթ կբերեն, քան անգամ ավանդական տիպի համաձայնագիրը։ Բացի այդ, դա անհամեմատ ավելի հեշտ է եւ արագ։ Մեր ֆերմերները կաշխատեն ավելի լավ, արագ, եւ հիմա սովյալ երկրներին կարելի կլինի օգնել։

Մենք շատ տարիներ կորցրել ենք 500 մլրդ դոլար տարեկան՝ Չինաստանի հետ խելագար առեւտրի պատճառով։ Դա այլեւս չի լինի»,- գրել է Թրամփը Թվիթերում։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ-ը 25 տոկոսով բարձրացրեց չինական ավելի քան 200 մլրդ դոլար արժողության ապրանքների տուրքերը։ Չինաստանը հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի։ Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային բանակցությունների շարունակման ֆոնին, որոնց հերթական ռաունդը տեղի կունենա այսօր ԱՄՆ մայրաքաղաքում։