Հայ փրկարարները պատրաստ են մեկնել Ճապոնիա եւ օգնել հզոր երկրաշարժից տուժածներին:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը: Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնեն աղետի գոտի: 

Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր «Աղետների գնահատման եւ հակազդման (UNDAC) թիմի» հավաք: Մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ են հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպաներ, ովքեր ԱԻ նախարարի հանձնարարականով հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամությունը:

Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10  մետրը: Մի քանի  հազար մարդ զոհվել են եւ անհետ կորել: