Ցմահ ազատազրկվածների՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարելու հիմնական պատճառը եղել է բանտարկյալներից մեկի՝ 20 տարի պատժաչափ կրելուց հետո  պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժումը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով, հացադուլի պատճառներից մեկն էլ անվտանգության միջոցառումների խստացումն է՝ պատուհանների ճաղաանդակների լրացուցիչ ամրացնելը, ինչը նվազեցրել է բանտախցերի լուսավորությունը։

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ շաբաթ օրը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ  ազատազրկման դատապարտված շուրջ յոթ տասնյակ կալանավորներ մարտի 13-ին դադարեցրել են բողոքի ակցիան։ Դատապարտյալներն այդ քայլին գնացել են, երբ բանտապետ Տիգրան Նավասարդյանը նրանց խոստացել է կատարել վերջիններիս պահանջները։

Ցմահ դատապարտվածները մինչ բողոքի ակցիան սկսելը դիմումներ էին գրել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նրա հետ հանդիպում խնդրելով։ Դատապարտյալները, սակայն, համոզված են, որ իրենց գրած դիմումները արդարադատության նախարարին չեն հասել: