Կիրակի՝ մարտի 13-ին տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստում քննարկվել են ներքաղաքական կյանքին, կուսակցական աշխատանքներին եւ հանրապետության շրջաններում առկա խնդիրների վերաբերող մի շարք հարցեր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Նրա ներկայացմամբ, բացման խոսքով հանդես է եկել կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ներքաղաքական իրավիճակի եւ հետագա քայլերի մասին խոսելիս նշել է, որ Սերժ Սարգսյանն իր ծառայողական նստավայրն օգտագործում է որպես կուսակցական հարցերի քնարկման վայր՝ այս կերպ խառնելով երկրի նախագահի եւ կուսակցապետի գործառույթները։Կուսակցության ղեկավարը նաեւ նշել է, որ նախագահական ընտրություններից երկու տարի առաջ որպես հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու հանդես գալու Սերժ Սարգսյանի մղումն ինքն արտակարգ իրավիճակ է դիտում։
Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակիցներին հորդորել է էլ ավելի նվիրված աշխատել՝ համոզմունք է հայտնելով, որ բոլորին մեկ հարկի տակ է հավաքել ոչ թե անձնական շահը, այլ լավ երկիր ունենալու մղումը:
Վերջում անդրադարձ կատարելով ընդիմադիր դաշտի միավորման եւ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքմներին մասնակցել-չմասնակցելու խնդրին՝ նա նշել է, որ երբեւիցե վարչությունը նիստ չի հրավիրել որեւէ հանրահավաքին մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշում կայացնելու նպատակով: Կուսակցության ղեկավարի խոսքով, թե շարքային անդամները, եւ թե պատգամավորներն ու վարչության անդամներն ազատ են այդ հարցով որոշում կայացնելիս:
Նշենք, որ նիսիտի ընթացքում «Ժառանգության» խմբակցության պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ քննարկում չի եղել։
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իշխանությունը ցանկանում է ընդդիմության վերջին մանդատներն էլ վերցնել եւ խորհուրդ էր տվել նրանց շատ ջանքեր չգործադրել դրա համար եւ ուտել իրենց մանդատները: Դրանից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը:





























