Երեւանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմության իրազեկումները՝ մարտի 18-ից 29-ին հանրահավաքների շարք անցկացնել Ազատության հրապարակում, փոխարենն ի գիտություն են ընդունվել երթեր անցկացնելու իրազեկումը:
Նշենք, որ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը մարտի 9-ին եւ 10-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. մարտի 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին։
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 11-ի եւ 12-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը` հետեւյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի փետրվարի 23-ի, մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է իրազեկումների մեջ նշված հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել ի գիտություն։
Իսկ քանի որ Ժողովրդական կուսակցության նախօրորք տրված իրազեկման համաձայն, մարտի 21-ին անց է կացվելու երթ՝ Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց մինչեւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկ երթուղով (ընդունվել է ի գիտություն մարտի 9-ին), ՀՀՇ ներկայացուցչի` այդ օրվա միջոցառման իրազեկմանն ի պատասխան առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, իսկ երթը՝ Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածք - Խանջյան փողոց - Վարդանանց փողոց - Սախարովի հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Խանջյան փողոց - Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածք երթուղով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:





























