Հայաստանի ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀԱԿ-ի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին ձերբակալելու փաստի առթիվ:

«Մարտի 13-ին, ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաեւ այդ պահին  ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը:

2011 թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երեւանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին:

Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը:
Նույն օրը, ժամը 20-ին, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է:

Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել եւ ազատ են արձակվել:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում, Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել են Սամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ: ՀԱԿ-ից հայտնել են, որ նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով:

Հետագայում պարզվել է, որ նա ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքում է: