Թերթը գրում է, որ հայրենի ընդդիմության արմատական ճամբարում այս օրերին «նախահեղափոխական» եռուզեռ է։ ՀԱԿ «մարզչական շտաբը» ակտիվորեն պատրաստվում է մարտի 17-ին։
«Չենք նշում՝ «մարտի 17-ի հանրահավաքին», քանզի ընդհանրության մեջ դիտելով ՀԱԿ-ի տարբեր մակարդակի ներկայացուցիչների ելույթները, քայլերն ու գործողությունները, հանգում ես այն կարծիքին, որ նրանք պատրաստվում են ընդհարման կամ առնվազն խժդժություններ հրահրելու, այլ ոչ թե հերթական հանրահավաքի։
Նրանք, ովքեր այդ ենթադրությունը գույների խտացում են համարում, կարող են ծանոթանալ «համաժողովրդական շարժման» երկրորդ, երրորդ էշելոնի ներկայացուցիչների վերջին ելույթներին։ Դժվար չէ նկատել, որ նրանց խոսքը հագեցած է երկիմաստ ու սադրիչ արտահայտություններով, կոչերով։
Մեկը, օրինակ, խոսում է «մարտի 17-ին հավաքվելու եւ չցրվելու», պայքարի սահմանադրական եղանակներն սպառված լինելու մասին, մյուսը՝ «ավելի վճռական քայլերի», երրորդը՝ «մի բան լինելու» ակնկալիքներ է սերմանում։ Իսկ «առաջին պլանի» գործիչները շարունակ նշում են, որ «մարտի 17-ին ժողովուրդը կորոշի, թե ինչ անենք»։ Ասել կուզի՝ իրենք արդեն որոշել են, թե ինչ են անելու»,- գրում է թերթը։




























