Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր` մարտի 15-ին եռօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Այցի ընթացքում նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, կհանդիպի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Էրդողանը Մոսկվայում կքննարկի վիզաների չեղյալ հայտարարման, առեւտրի եւ ռազմավարական համագործակցության հարցերը:

Այցի հիմնական կետերից մեկը Բարձր մակարդակով ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստն է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են յոթ հիմնական նախարարությունների ղեկավարները եւ գործարար շրջանակների մոտ երկու հարյուր ներկայացուցիչներ: Տեղական լրատվամիջոցները այցը պատմական են համարում` նկատելով, որ «ողջ կառավարությունը ժամանակավորապես տեղափոխվում է Ռուսաստան»:

Էրդողանի այցը նվիրված է ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի 90-ամյակին:

1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: