Լիբիական բանակի ստորաբաժանումները ընդհուպ մոտեցել են ռազմավարական նշանակություն ունեցող Աջդաբիա քաղաքին եւ այն գրավելուց հետո կարող են սկսել Բենղազի եւ Թոբրուկ քաղաքների գրոհը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քադաֆիի զորքերի առաջխաղացման լուրը հաստատել են նաեւ ապստամբները: «Աջդաբիան երկրի արեւելքի բանալին է, դրանից հետո շրջափակման մեջ կհայտնվեն Բենղազին, Էլ-Մարջը, Էլ-Բեյդան, Դերնան»,- նշել է ընդդիմության ներկայացուցիչ Սալեմ Բենհարիսին:
Ապստամբներն ակտիվորեն պատրաստվում են հակառակորդի հետ հանդիպմանը: «Սա պաշտպանության վերջին գիծն է` մահվան գիծը: Ռաս-Լանուֆն ու Բրեգան կարեւոր քաղաքներ, բայց Աջդաբիայից հետո մեր մայրերն են, քույրերը եւ ծերունիները: Աջդաբիան նահատակների եւ ազատության մարտիկների քաղաք է»,- նշել է քաղաքի ապստամբների հրամանատար Իսմայիլ Մաջբարին:
Ապստամբներն արգելել են լրագրողներին նկարել իրենց դիրքերը` պարզաբանելով, որ լիբիական բանակն օգտագործում է տվյալները` կետային հարվածներ հասցնելու համար:





























