Թուրքիայի Բաթման նահանգի սոցիալական ծառայության աշխատակիցները ռասիստական վերաբերմունք են ցուցաբերել Թուրքիայի հայազգի քաղաքացի 32-ամյա Ջեւաթ Սինեթի նկատմամբ։
Թուրքական Dicle գործակալության փոխանցմամբ՝ Բաթմանի Փեթրոլքենթ թաղամասում ապրող հաշմանդամ հայազգի Ջեւաթ Սինեթը 2010-ի սեպտեմբերի 21-ին դիմել է հաշմանդամության փաստաթուղթ ստանալու համար սակայն մերժվել է։ «Դու հայ ես, քո ինքնության փաստաթղթի մեջ գրված է «քրիստոնյա», քեզ չենք կարող հաշմանդամության թուղթ տալ»,-ասել են Բաթմանի սոցիալական ծառայությունում։
Այս դեպքից հետո Սինեթը դիմել է Մարդու իրավունքների միությանը, որի օգնությամբ դատական հայց է ներկայացրել քաղաքացիական ծառայողի նկատմամբ, սակայն դատախազությունը հայցը չի բավարարել: Դրանից հետո Սինեթը դիմել է Մարդինի ծանր հանցագործությունների գծով դատարան, որտեղ եւս բացասական պատասխան է ստացել։
Ներկայումս Թուրքիայի հայազգի քաղաքացին պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։




























