Լիտվայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միայն բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա, քանի որ երրորդ երկրների սուբյեկտիվ կարծիքը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նա ընդգծել է, որ բացասաբար է վերաբերվում ԼՂ վերաբերյալ լիտվիական խորհրդարանում շրջանառվող բանաձեւին, քանի որ այն «ծնվել» է այդ երկրի ղեկավարի Ադրբեջան կատարած այցից հետո: Աթանեսյանը հույս է հայտնել, որ տվյալ բանաձեւը կամ ընդհանրապես չի ընդունվի Լիտվայում, կամ կընդունվի համապատասխան մշակումից հետո: Նա կոչ է արել Լիտվային, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, օբյեկտիվ լինել ղարաբաղյան հարցում:
Նշենք, որ ներկայումս տարածաշրջանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ով մարտի 17-ին կժամանի Հայաստան:





























