«Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 17-ին կայանալիք հանրահավաքն աննախադեպ է լինելու. եկեք, չեք փոշմանի.,- մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կոչով հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լեւոն  Զուրաբյանը։

Նա միաժամանակ հանրահավաքի բոլոր պոտենցիալ մասնակիցներին նախօրոք հորդորեց կարգապահություն  դրսեւորել, անվերապահորեն ենթարկվել հանրահավաքի եւ երթի կազմակերպիչների կոչերին։

«Միաժամանակ կոչ ենք անում նաեւ ոստիկանությանը՝ հրաժարվել ագրեսիվ պահվածքից եւ հանրահավաքի ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաեւ սադրանքներ հրահրելու փոխարեն զբաղվել հասարակական կարգի պահպանմամբ։ Հաշվի առնելով մարտի 17-ին կայանալիք հանրահավաքի սպասվելիք բազմամարդությունը՝ ոստիկանությանը կոչ ենք անում Տերյան եւ Իսահակյան փողոցների կողմից փակել Կորյուն փողոցը»,- ասաց նա։

Զուրաբյանի խոսքով, ոստիկանությունն այդ օրը պետք է հրաժարվի նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ սադրիչ-գործակալների կիրառումից։

Ամփոփելով՝ ՀԱԿ համակարգողը համոզմունք հայտնեց, որ մարտի 17-ը կնշանավորվի ժողովրդավարության եւ սահմանադրական ազատություների հաստատման բոլորովին նոր մի փուլով։

Նշենք, որ ՀԱԿ վերջին հանրահավաքը տեղի էր ունեցել մարտի 1-ին։ Կառույցի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հանդես էր եկել ելույթով, ուր իշխանություններին  15 կետից բաղկացած պահանջագիր էր ներկայացրել։ Այդ կետերից մեկն էլ վերաբերում էր նրան, որ մինչեւ մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եվրախորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակվեն իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին, Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը։