Երեւանի քաղաքապետարանը միայն իր գործառույթներն է կատարում եւ օրենքից դուրս որեւէ քայլ չի անում: Այսօր՝ մարտի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Կարեն կարապետյանը՝ անդրադառնալով բացօթյա առեւտուրն արգելող որոշման իրականացմանը:
«Բացօթյա առեւտրի հետ կապված, մի շարք պատգամավորներ որոշակի ձեւով ցույց տալով իրենց անհանգստությունը՝ անընդհատ ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Այնինչ մեր այսօրվա թիմը կատարում է զուտ օրենքով նախատեսված գործառույթը, որոնք որ հենց այդ պատգամավորներն են ընդունել»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Նա նշել է, որ 2004 թվականին օրենք է ընդունվել, որով արգելվում է բացօթյա առեւտուրը, եւ եթե ԱԺ-ն նոր որոշում ընդունի, որ բացօթյա առեւտուրը թույլատրվում է, հաջորդ օրը քաղաքապետարանը այդ թույլտվությունը կտա:
«Բայց երբ իրենք հիմա դուրս են գալիս եւ դրա դեմ կամ քաղաքապետարանի դեմ որոշակի հարցադրումներ են դնում, իմ մոտ հարց է առաջանում, ո՞ւմ եք հարց տալիս, փոխեք էդ օրենքը, թեման կփակվի»,- ասել է Երեւանի քաղաքապետը:





























